Պատմություն

Թերլեմեզյանի պատմությունը

        Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը լինելով Հայաստանում առաջին գեղարվեստի կրթօջախն ու դաստիարակելով հայ անվանի արվեստագետների մի քանի սերունդ, գեղարվեստի այս օրրանն այսօր արդեն դարձել է հայկական կերպարվեստի հիմնասյուներից մեկը: Թերլեմեզյան քոլեջը (նախկինում “Գեղարդ” գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում) իր պատմությունը սկսեց կերտել 1921թվականից: Ժողովրդական կոմիսարների խորհրդի հատուկ դեկրետով, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, Լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի օրոք 1921թվականին ծնունդ առավ նկարչական դպրոցը, որը հանդիսացավ Հայաստանի խորհրդային կառավարության հիմնած առաջին մշակութային օջախներից մեկը` Պետական համալսարանի և Պետական թատրոնի հետ միասին: Նկարչական դպրոցի առաջին տնօրեն է նշանակվել Հովհաննես Թադևոսյանը, ով գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը: Քոլեջի ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում` Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը և այլ մեծանուն վարպետներ, որոնց շնորհիվ այս կրթօջախը կոչվեց հայ մշակութային ավանդույթների ձևավորողը, կրողն ու դաստիարակողը: 1927թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղյանը, Սեդրակ Ռաշմաջյանը, Բաբկեն Քոլոզյանը, Արմեն Չիլինգարյանը և այլոք: «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը 1941թ-ից վերանվանվեց հայ մեծ վարպետ Փանոս Թերլեմեզյանի անունով և կարճ ժամանակահատվածում դարձավ գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը:

Պահպանելով «Թերլեմեզյանի» պատերում ձևավորված ավանդույթները և շարունակելով նախորդների անձնվեր գործը Թերլեմեզյան քոլեջն այսօր էլ շարունակում է կերտել իր պատմությունը` հարստացնելով հայ կերպարվեստը նոր անուններով:

Նոր շունչ մտավ այս կրթօջախ 2007թ-ին, երբ քոլեջը տեղափոխվեց նոր ուսումնական շենք, որտեղ տնօրեն գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի մեծ ջանքերի արդյունքում ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծագործական բարենպաստ աշխատանքի համար:

Այսօր գեղարվեստի պետական քոլեջը բաղկացած է գունանկարչության, քանդակագործության, դիզայնի բաժիններից, ուր բարձր որակի մասնագետներ են պատրաստվում ստեղծագործական աշխատանքի, ինչպես նաև մանկավարժական գործունեության համար: Կարևոր տեղ է հատկացվում ընդհանուր մասնագիտական կրթության մեջ տեսական բաժնին, ուր արվեստի պատմության լսարանին կից գործում է ժամանակակից տեխնիկայով հագեցած ֆոտո և կինո լաբարատորիան, որը հնարավորություն է տալիս ուսանողներին հիմնովին յուրացնել դասավանդվող նյութը, ծանոթանալ համաշխարհային արվեստի պատմության էջերին բարձրորակ վավերագրական, պատմական, գեղարվեստական ու արվեստաբանական տեսանյութերի օգնությամբ, ինչպես նաև վիրտուալ այցելություններ կատարել աշխարհի տարբեր թանգարաններ:

Կարևոր և երկար սպասված իրադարձություն էր քոլեջի կյանքում 2007թ-ից գործող «Թերլեմեզյան» ցուցասրահը, որն ունենալով դեռևս կարճ կենսագրություն, արդեն առաջին լուրջ քայլերն է անում` իրականացնելով համահայկական մշակութային փառատոններ, ինչպես նաև ավանդական և շարունակական բնույթ են ստացել ուսանողական և դասախոսական ամենամյա ցուցահանդեսներն ու իր մտահաղացմամբ յուրատիպ «Թերլեմեզյանականներ» մշակութային միջոցառումների շարքը: Այսօր էլ ցուցասրահի դռները բաց են արվեստասեր շրջանակների համար, իսկ մշտական ուսանողական աշխատանքների ցուցադրությունը օրեցօր մեծացնում է ցուցասրահի այցելուների թիվը:

Վերջերս պետական հոգածության ներքո սկսվեցին քոլեջի երկրորդ մասնաշենքի կառուցման աշխատանքները, որը նախատեսում է մարզադահլիճ և նրան կից քանդակի ընդարձակ արվեստանոցներ:



Փանոս Թերլեմեզյան

        Փանոս Թերլեմեզյանը հանդիսանում է 19-20-րդ դարերի հայ ռեալիստական գեղանկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Մեծ է նրա դերը հայ կերպարվեստի, մասանավորապես ռեալիստական բնանկարի զարգացման մեջ: Արդեն այսօր` մեր օրերում, նա համարվում է դասական նկարիչ: Փանոս Թերլեմեզյանը ապրել է բազմաբովանդակ` հասարակական և ստեղծագործական իրադարձություններով հարուստ կյանք: Ավելին, դեռևս ուսանողական տարիներին նա հարել է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորմանը, որի համար իր ողջ կյանքի ընթացքում հետապնդվել է: Թերլեմեզյանը նաև աչքի է ընկել իր հասարակական - հեղափոխական գործունեությամբ, մեծ և նշանակալից է նրա դերը Արևմտյան Հայաստանում ծավալվող ազատագրական պայքարի գործում: Այդ մասին է վկայում այն փաստը, որ արդեն 1915-ին նա ընտրվում է այսպես կոչված ՙզինվորական ժամանակավոր կառավարության անդամ՚` դրանով իսկ իր անմիջական մասնակցությունը ունենալով Վանի ինքնապաշտպանական մարտերին:

Մեծ վարպետը ծնվել է 1865-ին Վան քաղաքի Այգեստան կոչվող արվարձանում, հողագործի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Վանի Կենդրոնական վարժարանում, որը գերազանց ավարտելով ստանձնել է ուսուցչի պաշտոն: Հետագայում (1899-1904թթ.) լիարժեք մասնագիտական կրթություն է ստանում Փարիզի Ժյուլիենի Գեղարվեստի մասնավոր ակադեմիայում` սովորելով պրոֆեսորներ Ժան Պոլ Լոռանսի և Բենժամեն Կոնստանի մոտ:
Փ.Թերլեմեզյանը երկար տարիներ ապրել է տարագրության մեջ: Բնակվելով Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ստեղծագործելով այն միջավայրում, որտեղ ծնվում էին տարբեր գեղանկարչական ուղղություններ, այդուհանդերձ նա մինչև վերջ հավատարիմ է մնացել իր ընտրած ռեալիստական գեղանկարչության ավանդներին:
Ճիշտ է` վրձնի մեծ վարպետը կերպարվեստում սկզբնավորվել է որպես ռեալիստ-նկարիչ, սակայն նրա որոշ աշխատանքներ կրում են իմպրեսիոնիզմի ազդեցությունը:
Թերլեմեզյանը բազմաժանր նկարիչ է, նա իր արվեստում կարևոր տեղ է հատկացնում և՛ դիմանկարչական, և՛ թեմատիկ, և՛ նատյուրմորտի ժանրերին, սակայն նրա գեղանկարչական ժառանգության մեջ գերակշռում է բնանկարչական ժանրը:

Արվեստագետի տարերքը բնությունն է…
Ինքը` Թերլեմեզյանը, այս առիթով ասել է. ՙԱնհրաժեշտ է, որ նկարիչը ուժգնորեն սիրի բնությունը, որից իր աչքերում լցված գեղեցկություններն իր հոգու քուրայի հուզականության մեջ դնելով` պետք է տա իր երկի հիմնական բնույթը՚:
Թերլեմեզյանը ժամանակի մի շարք անվանի արվեստագետների հետ միասին իր ներդրումն է ունեցել ՙՀայ արվեստագետների միության՚ ստեղծման գործում: Միության անմիջական նախաձեռնողները և հիմնադիր անդամներն էին Փանոս Թերլեմեզյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Եղիշե Թադևոսյանը, Գարեգին Լևոնյանը և այլոք:

Եվ արդեն Սովետական կարգերի հաստատումից հետո` 1928-ին, Թերլեմեզյանը բնակություն է հաստատել Հայաստանում: Նկարչի արվեստում սկսվում է մի նոր ստեղծագործական շրջան, որը ծնում է մի շարք նշանակալից, բարձրարժեք գեղանկարչական ստեղծագործություններ: Եվ հենց հայրենիքում մեծ արվեստագետը ստեղծում է արդյունաբերական բնանկարի հիանալի օրինակներ, դրանով իսկ հանդիսանալով այդ ժանրի հիմնադիրներից մեկը:
Ինչ խոսք, նշանակալից է Փանոս Թերլեմեզյան անհատի և արվեստագետի դերը հայ կերպարվեստում:
Գնահատելով և արժեքավորելով նրա արվեստի նշանակությունը` Երևանում հիմնադրվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը: